ՀՀԿ-ն չի խոչընդոտելու տվյալ պահին գործող իշխանության աշխատանքներին. Գագիկ Մելիքյան
6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բուռն էր ու հագեցած ինչպես օրենսդրական նախաձեռնություններով, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված ակտիվությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ:
«Այս նստաշրջանն առանձնահատուկ էր նրանով, որ խորհրդարանական ձևաչափն ապրիլի 9-ին վերջնականապես մեր երկրում իրողություն դարձավ, և խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ընտրեց ՀՀ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին, ՍԴ նախագահին: Այս գործընթացը կշարունակվի նաև 4-րդ նստաշրջանում: Յուրահատուկ էր նաև վարչապետի ընտրությունը: Կարծում եմ՝ իշխանափոխությունն այդ ընթացքում բերեց նաև այն հանգամանքին, որ լարվածությունը քաղաքական դաշտում աճեց, քաղաքական կայուն մեծամասնությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դարձավ ընդդիմություն»,- ասաց նա:
Նա նշեց, որ քաղաքական քննարկումները շարունակվում են, ապա ավելացրեց, որ ՀՀԿ-ն արտահայտել է իր դիրքորոշումը, որը բխում է ժողովրդի ու պետության ամրապնդման շահերից:
«ՀՀԿ խմբակցությունը բացարձակապես չի խոչընդոտելու տվյալ պահին գործող իշխանության աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն, այստեղ խնդիր չեմ տեսնում: Այն նախաձեռնությունները, որոնք կբխեն ժողովրդի շահերից, մեր կողմից աջակցություն կստանան»,- ընդգծեց նա: