Բողոքի ակցիա իրականացրած խաղողագործները հանդիպում են Արմավիրի մարզպետի հետ (ուղիղ)
Խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ այսօր հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա գյուղացիներին ասաց, որ կիսում է նրանց մտահոգությունները, վրդովմունքը:
«Մենք չենք կարողանում ոչ մի լծակով միջամտել գործարարների, սեփականատերերի աշխատանքին: Երեկ համայնքի ղեկավարների հետ ևս հանդիպել եմ, խնդիրը անընդհատ քննարկվում է»,- շեշտեց նա:
Մարզպետն ընդգծեց, որ մարզի գյուղացիների հետ իր հարաբերությունները կառուցողական են, հնարավորության սահմաններում գալիս են ընդհանուր հայտարարի: Գյուղացիներն էլ ընդգծեցին, որ իրենք սահմանված գնով չեն կարող անգամ կատարած ծախսերը փոխհատուցել, առանց այն էլ կարկուտից մեծ վնաս էին ստացել:
Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ փակել էին Արմավիր-Երևան մայրուղին` դժգոհելով խաղողի մթերման գներից: