Զբոսաշրջիկը փրկել է ցեխաջրով լի փոսն ընկած այծքաղին (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանգստացող զբոսաշրջիկը Կրյուգեր ազգային պարկում փրկում ցեխաջրով լի փոսն ընկած այծքաղին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Կենդանին հոտի հետ վազելիս է եղել, երբ ընկել է փոսը: Անօգնական այծքաղը փորձել է ինքնուրույն դուրս գալ, սակայն դա նրան չի հաջողվել: Մեքենայով շրջող տղամարդը նկատել է, որ կենդանին չի կարողանում կանգնել ու անդադար սայթաքում է, և որոշել է օգնության հասնել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում կենդանուն, դուրս գալիս մեքենայից, հանում կոշիկները և, բռնելով այծքաղի եղջյուրից, արագ դուրս բերում նրան փոսից: Փրկված կենդանին որոշ ժամանակ մնում է գետնին պառկած, այնուհետև «ուշքի է գալիս» և դանդաղ հեռանում: