Մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով
Մոտ ժամանակներս նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մոտ ժամանակներս նախատեսվում է ևս մեկ հանդիպում Պուտինի և Փաշինյանի միջև: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները:
Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք առաջնորդվում ենք նրանով, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն, ինչ վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջև: