Երևանում 28-ամյա կնոջ են սպանել
Օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի։ Հանցագործությունը բացահայտելու համար՝ ստեղծվել է քննչական խումբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում, տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։