Հայկ Սարգսյանի գործը կքննի դատավոր Աննա Դանիբեկյանը
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է օգոստոսի 28-ին, գործի նախաքննություն ավարտվել էր օգոստոսի 17-ին:
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: