Այս ընտրություններն ավելի մրցակցային կլինեն. ԿԸՀ քարտուղար
ԿԸՀ որոշմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում արձագանքեց Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե արդյո՞ք ԿԸՀ-ն պատրաստ է ընտրություններին:
«Կարծում եմ՝ այո»,-ասաց Սմբատյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բոլոր կուսակցությունները կհասցնեն պատրաստվել:
«Առանց այդ էլ պարզ էր, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենային: Ենթադրաբար, կուսակցություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ՝ մինչեւ ընտրությունների օրվա մասին մեր որոշման հրապարակումը»,-նշեց Արմեն Սմբատյանը:
Ապա տեղեկացրեց, որ կուսակցությունները բավականաչափ ժամանակ ունեն.
«Դեռ 11 օր կա, որ փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»:
Արմեն Սմբատյանը ասաց, որ այս ընտրություններն ավելի մրցակցային կլինեն, քանի որ քաղաքական նոր հարթակ է կա. «Կարևորն այն է, որ ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքն այլ լինի»: