Քոչարյանին ազատած դատավորը ենթակա էր բացարկման. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն խոսելով Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ում վճռով Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ազարյանը ժամանակին աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, Խաչատրյանն ասել է, որ դա ինքնին խնդիր չէ դատավորի կաշկանդվածության առումով, եթե չլիներ մեկ այլ հանգամանք:
Խոսքն այն մասին է, որ Ազարյանը մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել և այնպիսի ձևակերպումներով, որոնք վկայում են Ազարյանի կանխակալ վերաբերմունքի մասին:
Խաչատրյանն այդ դատավճիռներից մեկին հատված ընթերցեց, որտեղ դատավորը խաղաղ ցուցարարներին ամբոխ, զանգվածային անկարգությունների մասնակիցներ է բնութագրել: Այսինքն նա այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, կարծում է Խաչատրյանը:
ՀՔԾ պետի կարծիքով, եթե անգամ ինքնաբացարկ չէր հայտնել, պարտավոր էր ներկայացնել այս փաստերը, որից հետո դատախազության ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին:
Սասուն Խաչատրյանի խոսքով, կա իրավիճակ, որ Ազարյանը Վերաքննիչ դատարանի նախագահի արձակուրդում գտնվելու պայմաններում, ժամանակավոր պաշտոնակատար լինելով, այդ համոզմունքների կրողը լինելով սույն քրեական գործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ այսպիսի ձևակերպումներով մարդկանց է դատապարտել:
Խաչատրյանը նշել է, որ Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի էր, քանի որ ոչ լեգիտիմ կազմի, բացարկման ենթակա դատավորի կողմից է կայացվել: Բացի այդ, նրա խոսքով, դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմանից, պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, այսինքն պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա է հիմնավոր կասկած, այսինքն՝ կալանավորման պայմանը և առկա է արդյոք կալանավորման հիմքը: Դատավորը կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և այդ հոդվածով հանցակազմերի միջև:
ՀՔԾ պետը նաև նշել է, որ դատարանը 6 օր է որոշումը չի ուղարկել, դա էլ տարօրինակ է: