100 օրը չափազանց քիչ ժամանակ է. ամերիկագետ (տեսանյութ)
100 օրը չափազանց քիչ ժամանակ է, որպեսզի միջազգային կառույցները կարողանան հստակ գնահատականներ տալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, կամ ինչ փոփոխություններ է բերել իր հետ հեղափոխությունը: Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
«Հայաստանը պետք է նախևառաջ սկսի բարեփոխումների ճանապարհով շարժվել: Բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը միակ ոլորտը չէ, որտեղ պետք է աշխատել: Բարեփոխումներ պետք է անել բոլոր ոլորտներում: Սա չափազանց կարևոր է, որովհետև Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա, ՀՀ-ին գնահատական են տալու մեկ տարուց, երբ արդեն լինեն համապատասխան զեկույցները՝ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- հայտնեց նա:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այժմ միջազգային հանրության խոշորացույցի տակ է գտնվում, որպեսզի ճիշտ գնահատական տրվի՝ հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ եղել են, թե ոչ:
«Սրանք գնահատականներ են, որոնք տրվելու են որոշ ժամանակ հետո, հիմա Հայաստանի կառավարությանը գնահատել չեն կարող, որովհետև դեռևս չկան ուսումնասիրություններ, դեռևս չկան վերջնարդյունքներ: Այդ գնահատականներից հետո թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն և այլ կառույցներ կսկսեն Հայաստանի հետ համագործակցել՝ հիմք ընդունելով այն գնահատականները, որոնք տրված կլինեն տարբեր միջազգային զեկույցներում»,- նշեց Ս. Սարգսյանը: