Հանձնարարական եմ տվել ՊԵԿ-ին, որ օրինականության մեկնաբանությունները չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը. վարչապետ
Ես 2 օր առաջ հանձնարարական եմ տվել ՊԵԿ-ին, որ օրինականության մեկնաբանությունները չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի հարաբերությունների վերաբերյալ որոշակի շեշտադրումներ մենք անում ենք, հատուկ շեշտում ենք օրինականության անհրաժեշտությունը, և անընդհատ շեշտում ենք, որ բիզնեսը պետք է հարկային դաշտում աշխատի:
Բայց նաև որոշակի իրավիճակներ քննարկելով՝ ես 2 օր առաջ հանձնարարական եմ տվել ՊԵԿ-ին, որ այնուամենայնիվ, օրինականության մեկնաբանությունները չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հանձնարարականը եղել է, որ միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը լինի հավասարակշռված և կոշտ վարչարարություն չլինի, բայց հույս ունեմ, որ այս հանձնարարականը որևէ մեկը չի ընկալի որպես օրինական դաշտից դուրս գործելու ինդուլգենցիա»,- ասաց նա: