Արագածոտնի փոխմարզպետի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական գյուղապետերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի և ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները:
Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները և վերջնաժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի:
Հակառակ դեպքում, սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը:
Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաև ՀՀԿ իշխանության տարիներին: Այս ամենի արդյունքում մարզպետի եւ փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում