Վստահ եմ՝ Պուտինը պատրաստվում է Փաշինյանին հեռացնել իշխանությունից. Սաակաշվիլի (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:
«Ես շատ սիրում ու հետևում եմ Փաշինյանին, և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը՝ նա պետք է փոխի համակարգը: Նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և «քանի դեռ կա ժողովրդի էներգիան՝ այն ճիշտ օգտագործի»:
«Ես վստահ եմ, որ Պուտինը պատրաստվում է նրան հեռացնել իշխանությունից: Նա ոչ մի դեպքում չի կարողանա հանգստացնել, համոզել Կրեմլին, որ նման որևէ բան չի անում: Որովհետև ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոփոխության գաղափարն ինքնին դուր չի գալիս Պուտինին, նա այն ատում է: Այդ պատճառով նա արշավ կիրականացնի Փաշինյանի դեմ, հատկապես՝ աշնանից»,- պնդել է Սաակաշվիլին: