Քարաթափում «Հրազդան» մարզադաշտի մոտ. ճանապարհը դարձել է միակողմանի
Երեւանի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում այսօր՝ օգոստոսի 7-ին քարաթափում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«911» ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 13:59-ին: Քարաթափման հետեւանքով ավտոճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարերը թափվել են Աթենքի փողոցի սկզբնամասում: Փրկարարները քարերը տեղափոխել են մայթեզր (1.4 խմ): Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: