Երևանում ինքնասպանություն գործած 19-ամյա աղջիկն Արմավիրից է. դեպքի առաջ զանգել է իր նախկին ծանոթին
Երևանում 19-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ին ժամը 18:40-ին Երևանի Բագրատունյաց պողոտայի հարևանությամբ՝ լճի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 1999թ.: Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է տետր՝ ռուսերեն գրառումներով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող:
Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը՝ վաղ առավոտյան, զանգահարել է իր նախկին ծանոթին և հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 19-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ: