Հենց «Ելք» դաշինքը պառակտվի‚ վստահեցնում եմ՝ դաշինքի կողմից միանգամից հայտարարություն կլինի. Արարատ Միրզոյան
Վաղ է նման հետևություններ անելը, հենց «Ելք» դաշինքը պառակտվի, վստահեցնում եմ՝ դաշինքի կողմից միանգամից հայտարարություն կլինի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հարցին՝ այդ դեպքում հնարավոր է արդյոք, որ երեք կուսակցությունները միասին մասնակցեն նաև խորհրդարանական ընտրություններին, Միրզոյանն ասաց.
«Գուցե շտապում եմ ասել, բայց իմ դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը, հեղափոխության արժեքներն ու նպատակները: Այդ արժեքների նպատակների հիման վրա այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների առաջ տանումը»:
Միրզոյանը նաև ընդգծեց, որ վերը նշված քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ և հասարակական կառույցներ: