Վրաստանում «Վեհանձն գործընկեր - 2018» զորավարժությանը հայ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ
2018թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը:
ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության եւ կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի եւ Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված եւ պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, եւ մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձեւաչափը եւ մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում: