Աշխատում ենք 3 ուղղությամբ. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի տարածք անցած Կարեն Ղազարյանի մասին
Ադրբեջանական տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի հարցով տեղեկացրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք ապացույցները ներկայացրել ենք միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությանը, տեղեկացրել ենք համանախագահող երկրներին դեպքի վերաբերյալ: Նաև Կարեն Ղազարյանի բարեկամները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 3 ուղղությամբ աշխատում ենք: Ցավալի է, որ Կարմիր խաչին մինչ այժմ հնարավորություն չեն տվել այցելելու, բայց որպես Անհետ կորածների և գերեվարվածների հանձնաժողովի նախագահ, ես անընդահատ կապի մեջ եմ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենք հնարավորինս արագ տեսակցեն մեր քաղաքացուն»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: