Բանակ գնացող նոր սերունդը նախընտրում է արագ սնունդ, ճաշ չի ուտում․ ծառայության պետ
Նորակոչիկ զինծառայողների նոր սերունդը, որ հիմա մեկնում է ծառայության, չի սիրում ապուրներ ուտել, ավելի շատ նախընտրում է արագ սնունդը, ինչը խնդրահարույց է նաև առողջության տեսանկյունից։ Զինծառայողների սննդակարգին ու նրանց նախասիրություններին անդրադառնալիս այսօրվա ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը։
«Կոնկրետ ես էլ ունեմ մի տղա։ Իմ տղան առաջին ճաշատեսակ չի ուտում, որը մենք բոլորս գիտենք, որ խիստ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի, մարդու աղեստամոքսային տրակտի և մարսողության համակարգի համար։ Եթե իմ տղան պիտի առաջին ճաշատեսակ մեր տանը ուտի, ապուր պիտի ուտի, այդ օրը տրամադրության անկում պիտի ունենա»,- իր ընտանիքի վրա օրինակ բերեց գնդապետ Արա Մարգարյանը։
Ծառայության պետը պնդում է, որ առաջին ճաշատեսակը երբեմն ավելի լավն է լինում, բայց զինծառայողների մի մասը չի ուտում այն, չեն սիրում։ Պատասխանատուները որոշակիորեն ընդառաջ են գնացել նոր սերնդի քմահաճույքներին ու թեկուզ չուզենալով, բայց կետչուպ են ավելացրել ռացիոնում։