Իհարկե «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ կհանդիպեմ. Փաշինյան
«Եթե «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ցանկություն ունեն հանդիպելու, մենք դա կկազմակերպենք»,- այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ կհանդիպեմ: Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա այնպիսի պայմաններում, երբ մենք ինչ-որ արդյունքներ արձանագրած լինելու մեջ համոզված լինենք: Չնայած ցանկացած պահի էլ կարող է այդ հանդիպումը տեղի ունենալ, որովհետև նրանց բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին շրջանում նոր զարգացումներ են եղել. նախ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, ապա հարցաքննության են կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրանք երեքն էլ Հայաստանում չեն: