«Երբ նպատակահարմար լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք». Լևոն Զուրաբյան
«Փաստ» թերթը գրում է. «ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել-չմասնակցելու հարցը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելուն, ապա կուսակցության փոխնախագահը նշեց, որ առաջիկայում ընդհանուր կանդրադառնան, թե ընդհանրապես այդ և այլ հարցերի մասին ՀԱԿ-ն ինչ է մտածում:
«Երբ նպատակահարմար լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա:
Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: