ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի նախագահ և պալատների նախագահներ է ընտրել
Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահ և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Քվեարկությամբ 7 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաև 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի Լիլիթ Թադևոսյանը. նա պալատի նախագահ է ընտրվել 8 ձայնով:
Բացի այդ՝ ԲԴԽ այսօրվա նիստում մարզային դատարանների նախագահներ են ընտրվել: Քվեարկությունների արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Հովհաննես Ավագյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Վարդան Հարությունյանը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում էլ դատավոր է ընտրվել Արամ Մկրտչյանը: