Կոնվերս բանկից 200 հազար դոլար թալանած անձը Վրաստանից էքստրադիցիայի ենթարկվեց ՀՀ (տեսանյութ)
Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։
Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը եւ ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:
Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա: