Ոչ ոք անտեսված չի լինի. Աննա Հակոբյանը ՝ նորաբաց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի մասին (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ազդարարում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկն այսօր է:
Հակոբյանը հիմնադրամի գործունեության մեկնարկին նվիրված իր տեսաուղերձում հայտարարում է, որ այն ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց և խմբերի հետ իր քննարկումների արդյունքում։
«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը։
Մենք ձգտելու ենք կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- նշում է վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանը նաև կոչ է անում բոլորին ՀՀ-ում, սփյուռքում և Արցախում հետևել հիմնադրամի գործունեությանը, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և ներդրումներ անել։ «Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,- նշում է Հակոբյանը։