Ուզում են գործը մեծ թափով փակել, բժշկական սխալ չտալ. մահացած ծննդկանի հարազատները բողոքում են
2016 թվականի ամռանը մահացած ծննդկան Նաիրա Աբգարյանի հարազատները դժգոհ են նախաքննության ընթացքից: NEWS.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Նառա Աբգարյանը պատմեց, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը պետք է կայանար դեռ անցած տարվա սեպտեմբերին, մինչդեռ առաջին նիստը տեղի է ունեցել միայն հունիսի 29-ին:
«Մեզ անակնկալ հայտնեցին, որ այդ օրն է նիստը լինելու: Մենք գնացինք, նստած էին 3 հոգի, նույնիսկ չներկայացան, թե ովքեր են: Ընթացքում իմացանք, որ մեկը ռեանիմատոլոգ է, մյուսը՝ գինեկոլոգ, իսկ երրորդն էլ՝ նախարարության աշխատակից, որին մենք հանդիպել էինք Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ: Նիստի ժամանակ մենք փաստեր էինք ներկայացնում, բայց իրենք փորձում էին բժշկին ամեն կերպ արդարացնել: Մենք փաստական ապացույցներ էինք ուզում ներկայացնել, բայց ասում էին՝ դա կարևոր չէ, պատմագրության մեջ գրվածով ենք տալու եզրակացությունը: Հստակ նախատրամադրվածություն ենք տեսնում, որ չեն ուզում բժշկական սխալ տալ: Հստակ էր, որ իրենց նպատակն է արագ գործը փակել»,- ասաց նա:
Մահացած ծննդկանի հարազատներն այս ընթացքում նաև նամակներ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նառա Աբգարյանի խոսքով՝ թերևս հենց սա է պատճառը, որ հանձնաժողովն անակնկալ նիստ է հրավիրել հունիսի 29-ին. «Որոշել են գործը մեծ թափով արագացնել, բայց նպատակն է գործը փակել»:
Նաիրա Աբգարյանի հարազատները ցանկանում են այս հարցով հանդիպել Արսեն Թորոսյանի հետ, զանգահարել են նախարարի ընդունարան, սակայն աշխատակիցը, նրանց օգնելու փոխարեն, հիշեցրել է ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկը. «Նա մեզ ասաց, որ Լևոն Ալթունյանից ենք դժգոհել, որ մեզ չի ընդունում: Մենք այն ժամանակ բազմիցս դիմել էինք նախարարի ընդունարանի աշխատակցին, բայց ամեն անգամ մեզ ասել է, թե Ալթունյանը զբաղված է, չի կարող, իսկ այժմ մեզ ասում է, թե Ալթունյանն այն ժամանակ ասել է, թե մեզ հետ չի ցանկանում հանդիպել: Եթե չէր ուզում, ինչո՞ւ այն ժամանակ մեզ այդ մասին չէին ասում: Հույս ունենք, որ Արսեն Թորոսյանը մեզ կընդունի»,- ասաց Նաիրա Աբգարյանի քույրը:
Հիշեցնենք, որ Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով երկվորյակ էր լույս աշխարհ բերել 2016 թվականի հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն ժամեր անց ծննդկանի վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Կինը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: