Twitter-ը սկսել է օրական մեկ միլիոն հաշիվ արգելափակել
Twitter-ն ուժեղացրել է այն հաշիվների դեմ պայքարը, որոնք, հնարավոր է, ստեղծվում են ապատեղեկատվության համար: Օրական արգելափակվում է ավելի քան 1 միլիոն էջ, հայտնում է Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով կեղծ հաշիվների օգտագործման վերաբերյալ անցյալ տարվա քննությունից հետո Twitter-ի ղեկավարությունը սկսել է ավելի ակտիվ պայքարել համացանցը որպես ապատեղեկատվության հարթակ օգտագործելու փորձերի դեմ: Միայն մայիսին և հունիսին արգելափակվել է ավելի քան 70 մլն էջ, իսկ հուլիսին նույն վիճակը շարունակվել է:
Նշվում է, որ Twitter-ի գործողությունները կարող են հանգեցնել օգտատերերի բազայի ընդհանուր նվազման: Սակայն ընկերութան փոխնախագահ Դել Հարվին ավելի վաղ նշել էր, որ հիմա աշխատանքում շեշտը դրվում է անվտանգության ուղղության վրա: «Ինքնարտահայտման ազատությունն այնքան կարևոր չէ, եթե մարդիկ իրենց անվտանգ չեն զգում»,- ասել է նա:
Հարվին նշել է, որ արգելափակված հաշիվների մեծ մասը կանոնավոր չի վարվել, իսկ դրանց փակումը օգնել է մյուս օգտատերերին պաշտպանել մանիպուլյացիաներից: