Մայր Թերեզայի կազմակերպության աշխատակիցները երեխաներ են վաճառել
Մայր Թերեզայի կողմից հիմնադրված հնդկական բարեգործական կազմակերպությունը վրդովմունք եւ ափսոսանք է հայտնել կազմակերպության աշխատակցի եւ միանձնուհու ձերբակալության կապակցությամբ, որոնք հազար դոլարով նորածիններ են վաճառել, փոխանցում է AFP-ն:
«Մենք ցնցված ենք նրանից, ինչ տեղի ունեցել Ռանչիի (Արեւելյան Հնդկաստան) մեր տանը: Այսպիսի բան երբեք չպետք է տեղի ունենար: Սա հակասում է մեր բարոյական համոզմունքներին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք այս հարցը: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, որպեսզի նման բան այլեւս տեղի չունենա»,- նշվում է հայտարարության մեջ:
Ջարքխանդ նահանգի մայրաքաղաքում գտնվող գթության տներից մեկում ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի. հաղորդում էր ստացվել առնվազն հինգ երեխայի վաճառքի մասին: Այս շաբաթվա սկզբին ոստիկանությունն ահազանգ էր ստացել նորածնի կորստի մասին: Պարզվել էր, որ կասկածյալները 1700 դոլարի դիմաց երեխային վաճառել էին հարեւան Ութար Պրադեշ նահանգից մի զույգի: