Bank of America-ն 1998 թվականի համաշխարհային ճգնաժամի կրկնություն է կանխատեսում
Bank of American-ն նախազգուշացրել է, որ համաշխարհային ֆոնդային շուկայում կարող է տեղի ունենալ 1997-1998 թվականների համաշխարհային ճգնաժամի կրկնություն: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Միտումների վերլուծության հիման վրա ֆինանսական կազմակերպության փորձագետները կանխատեսում են 1998 թվականի իրադարձությունների հնարավոր կրկնություն, երբ ասիական տարածաշրջանում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ, իսկ Ռուսաստանում դեֆոլտ հայտարարվեց:
«ԱՄՆ-ում կայուն աճը, պարտատոմսերի եկամտաբերության կորի հարթեցումը, զարգացող երկրների շուկաների կրճատումը, այդ ամենը նման է քսան տարվա վաղեմության դեպքերի արձագանքի»,- հայտարարել է Bank of America-ի առաջատար ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթը:
Վերլուծաբանները տվյալ ախտանշանները համեմատում են 1990-ականների իրավիճակի հետ: Այդ տասնամյակի սկզբում ֆինանսների ոլորտում խստացվող քաղաքականությունը հանգեցրեց դոլարի ամրապնդման, և երեք տարվա ընթացքում այն թանկացավ 25 տոկոսով:
Զարգացող շուկաները նույնպես այդ ժամանակ անկում էին գրանցում: Այժմ զարգացող երկրների պարտատոմսերի շուկան նվազում է՝ հասնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պահից ի վեր նվազագույնի: