Սևանի ափին հանգստի սեզոնի մեկնարկը տրված է. բացվեցին 3 հանրային լողափերը
Սևանա լճի ափին այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Սևանյան ամառ 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Այս մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, և Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և «Սևան» ազգային պարկի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ:
«Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավական նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք և կահավորենք անհրաժեշտ գույքով: Սևանն այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով, և հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սևանի պահպանմանն ու զարգացմանը: Սևանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք գործողությունների հստակ պլան և գնալու ենք դրա իրականացմանը»,- ասաց մարզպետը:
Հանրային լողափերում ժամը 9:00-21:00-ը գործելու են բժշկական և ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով:
«Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգիստ եմ ցանկանում և անմոռաց օրեր»,- հանգստացողներին ասաց «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: