Արցախի ԱԺ Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը
Արցախի Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 29-ին տեղի է ունեցել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը. ուսումնասիրել են հունիսի 28-ին խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Մինչ այդ՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովում 5 պատգամավոր է ընդգրկվել՝ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցություն), Ռոբերտ Ղահրամանյանը («Հայրենիք» խմբակցություն), Ռիտա Մնացականյանը («Դաշնակցություն» խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն) և Գագիկ Բաղունցը («Շարժում-88» խմբակցություն):
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո: