Թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում. Վ. Օսիպյան
Թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» այս մասին ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«Մեզ համար նշանակություն չունի, թե ով է, ինչ պատկանելություն ունի, ինչ մականուն ունի: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը տիրապետում է ոչ միայն Երևանի, այլ բոլոր մարզերի օպերատիվ իրավիճակին, և բոլորը, նաև նշված հեղինակություն ունեցողները, այո՛, անհրաժեշտության դեպքում օրենքի սահմաններում խստորեն կպատժվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անընդունելի է, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում», ապա Օսիպյանը նշեց, թե համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ: