Երևանի կենդանաբանական այգում տասնյակ կենդանիներ են սատկել, այդ թվում՝ բացառիկ
Երևանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին և այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։
Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ), դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երևանյան կենդանաբանական այգում եղել է դեռևս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաև այլ կենդանիներ ու թռչուններ։
Տեղեկությունը հաստատել են հենց այգու աշխատակիցները, ովքեր ամենօրյա շփման մեջ են կենդանիների հետ:
«Լամաները չկան, այս տարի վարակ եղավ ու հիմա չկան», - մեր թղթակցին ասաց այգու աշխատակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ հիվանդությունը, որից անկել են կենդանիները, վարակիչ է եղել, և այժմ կենդանիներից շատերը կարանտինի մեջ են։
«Լամաները մի 8-10 կլինեին, հիմա մի հատ ա, էն էլ էս վերջերս են բերել», - ասաց մեկ այլ աշխատակից։
Դավթի եղջերուի սատկելու մասին տեղեկությունը հայտնեց այգու երիտասարդ աշխատակիցներից մեկը. «Դավթի եղջերուն էլ չկա, նա ու էլի շատ կենդանիներ հիվանդացել էին թոքաբորբով։ Նրան ու էլի մի քանիսին ստիպված եղանք քնեցնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի ամբողջ այգու կենդանիների վրա»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ անկած կենդանիներին թաղել են Արմավիրի մարզի տարածքում։
Մանրամասները՝ այստեղ.