Ինձ զարհուրեցնում է կոռուպցիոն բացահայտումների մակարդակը, որոնք դեռ ծաղիկներ են. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում քաղաքական լուրջ փոփոխությունները կան, բայց մտածելակերպը չի փոխվում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով գիտաժողովի անվանմանը, Զոհրաբյանն ասաց, որ այն շատ դիպուկ է. «Միգուցե, ալեկոծ բառը, այո, կարող է շատերի մոտ տագնապի ասոցիացիաներ առաջացնել, բայց Հայաստանի համար սա ամենաճիշտ ու տեղին բառ է: Մենք այնքան երկար ենք ապրել գարշահոտ ճահիճում, որտեղ մի քաղաքական ուժ հաստատել էր իր գարշահոտ ներկայությունը, որ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր այս ալեկոծությունը»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ արմատական փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում:
«Հայաստանը տարբեր է, Հայաստանը ցույց տվեց, որ տարբեր է: Չեմ ասում՝ լավն ենք կամ վատն ենք, չէ, մենք ուրիշ ենք, մենք կարողացանք տոտալիտար աքցանների պարագայում հեղափոխություն անել այն դեպքում, երբ մարդուն սարքել են ստրուկ, 10,000 դրամ են շպրտել, ուղեկցել քվեախցիկ»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դրանցից մեկը կոռուպցիան է. «Որտեղ ձեռք ենք տալիս՝ սկսած փոքր մանկապարտեզից մինչև բարձրագույն իշխանության օղակներ, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ դուք, հարգարժա՛ն դեսպան, երբ ԵՄ հսկայական գումարները ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարին, դրանք տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը, ասել եք, թե ակնկալում ենք, որ պայքարեք ձեր դեմ: Չի կարող այդպես լինել:
Այսինքն որոշակի սխալներ եղել են ձեր կողմից: Մենք ահազանգում էինք, ասում էինք՝ մի տվեք նախարարություններին գումար, դրանք գնում են նախարարների, բարեկամների անուններով գրացված ֆեյք ՀԿ-ների անձնական բարեկեցությունը զարգացնելու համար, շատ դեպքերում անարձագանք էր մնում: Ինձ զարհուրեցնում է կոռուպցիոն բացահայտումների այս մակարդակը, որոնք դեռ ծաղիկներ են»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: