Սևանում կրակոցներից հետո աշխատանքից ազատվել է տեղի ոստիկանապետը. մարզի նախկին ոստիկանապետի ու Մարտունու բաժնի նախկին պետի «գլխին սև ամպեր են կուտակվել»
Սևանի դատարանի բակում օրեր առաջ հնչած կրակոցների միջադեպի փաստով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանին։ Մինչ այդ, աշխատաքից ազատվել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Սերոբյանի և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ Արսեն Ադամյանի վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեում հետաքննություն է սկսվել։ Վերջիններիս վրա անօրինական գործողությունների փաստով տեղեկություններ են ստացվել, ու եթե ՀՔԾ-ում հիմնավորվեն ու ապացուցվեն այդ տեղեկությունները, ապա Ա. Ադամյանն ու Կ. Սերոբյանը կհայտնվեն դատարանում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի պետի հավանական թեկնածու է համարվում գեներալ Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, ով աշխատում է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ և համարվում է որպես լավ օպերատիվնիկ։