Չսահմանված վայրերում ծխողների նկատմամբ կսահմանվի՞ խոշոր չափի տուգանք
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախկինում արված հայտարարությանը, թե չսահմանված վայրերում ծխողների նկատմամբ պետք է խոշոր չափի տուգանք սահմանել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ցանկացած տուգանք արգելք սահմանելու միջոց է: «Եթե որոշենք, որ հանրային վայրերում ծխելն արգելված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկենք, որ արգելքը չխախտվի: Եթե ուզում ենք, որ արգելքը խախտվի 5 000 դրամով, ուրեմն չարգելենք, թող բոլորը ծխեն: Տուգանքը չպետք է լինի վճար՝ ծառայությունից օգտվելու համար: Տուգանքը երբեք չպետք է լինի այնքան մատչելի, որ մարդիկ 5 000 դրամ տան ու ծխեն: Տուգանքի չափերը պետք է նայել միայն այս տրամաբանության մեջ»,- նշեց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ հաստատությունը ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր տարածքում չծխեն, ոչ թե անձը, որը գնում է որևէ վայր, մտածի այդտեղ չծխելու մասին:
Արսեն Թորոսյանը նաև մանրամասնեց, որ նախատեսում են չծխելը խրախուսող միջոցառումներ անցկացնել մանկապարտեզներում, դպրոցներում և տարբեր հաստատություններում: Նա նկատեց, որ շատ ավելի դժվար է հասուն մարդուն ստիպել հրաժարվել ծխելուց, քան վաղ տարիքից երեխաների հետ աշխատել ու նրանց մեջ սերմանել, որ ծխելը վնասակար է: Այս համատեքստում նախարարը կարևորեց փոքր տարիքից երեխաների հետ տարվող աշխատանքները: