Իմ պահանջներին ըմբռնումով չմոտեցողները պատասխանատվություն կկրեն. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
Մայիսի 24-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակյանության և տեղեկատվության վարչությունից:
Անդրադառնալով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման խնդրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է անձնագրային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ հարգալից, բարեկիրթ վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ քաղաքացիների հետ անմիջականորեն առնչվող ստորաբաժանումների որակյալ ու բարեխիղճ աշխատանքով է պայմանավորված ոչ միայն տվյալ ստորաբաժանման, այլև ամբողջ համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը:
Առանձնապես կարևորել է կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառումը` Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ հետևողական է լինելու այդ հարցում. խստորեն պատժվելու է կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
«Պետք է բացառենք կոռուպցիոն երևույթը: Կլինեն աշխատակիցներ, ովքեր ըմբռնումով չեն մոտենա իմ ասածներին, պահանջներին, ցավում եմ, բայց օրենքով նախատեսված կարգով պատասխանատվություն կկրեն»,- ասել է Օսիպյանը:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև կատարողական բարձր կարգապահության և մի շարք այլ հարցերի վրա՝ նշելով, որ գլխավոր սկզբունքը պետք է լինի հասարակությանը բարձրակարգ ծառայությունների մատուցումը։
Նույն օրը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելել է նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն։ Անձնակազմի հետ հանդիպման թեման բարձրակարգ ծառայությունների մատուցումն էր հասարակությանը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ստորաբաժանման աշխատանքը՝ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև մի շարք թերությունների՝ խստիվ պահանջելով դրանց անհապաղ վերացումը։
«Պետք է գիտակցել, որ մեկ աշխատակցի վատ աշխատանքը, համազգեստի ոչ պատշաճ կրումը կարող է ստվեր գցել մյուսների վրա. արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները հատկապես պետք է գիտակցեն, որ իրենց վարքագծով, պահվածքով համակարգի մասին կարող են լավ կամ վատ կարծիք կազմել թե մեր քաղաքացիները, թե օտարերկրացիները»,- ընդգծել է ոստիկանության պետը։