Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացվել. իսրայելցի նախարարը հորդորել է աջակցել
Իսրայելի խորհրդարանի Սիոնիստական ճամբար խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել Քնեսեթի քննարկմանը` Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։
Տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը Ynet News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «ոչ մի բարոյական և պատմական պատճառ չի տեսնում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար»՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «իսկապես թշնամի է»:
Նախագծի հեղինակը Իցիկ Շմուլին է: Նա նշել է, որ մինչ այժմ Իսրայել պետությունը հրաժարվել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, պատմական մի իրողություն, որը ճանաչվել է 29 պետության կողմից։
Իսրայելցի նախարարը կոչ է արել աջակցել ընդդիմադիր պատգամավոր Իցիկ Շմուլիի առաջարկած օրինագծին, որը Իսրայելի կառավարությանը կոչ է անում Օսմանյան կայսրության՝ 1915-1917 թվականներին իրականացրած 1.5 մլն հայի համակարգված բնաջնջումը ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: