Երևանում 22-ամյա վարորդը «Toyota»-ով բախվել է «Suzuki»-ին և կողաշրջվել. կա վիրավոր. դեպքի վայր ժամանած հաստափոր տղամարդը երկիրը քանդելու մեջ մեղադրում էր լրագրողներին (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մուրադյանը, Իսակովի պողոտայում՝ Կիլիկիա թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկին իր վարած «Toyota» մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել է «Suzuki» մակնիշի 35 OF 993 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում հետաքննիչն ու ճանապարհային ոստիկանները իրենց գործողություններն էին կատարում, դեպքի վայր ժամանեց մի հաստափոր տղամարդ, ով փորձում էր ոստիկաններին համոզել, որպեսզի «Toyota»-ն տուգանային հրապարակ չտեղափոխվի և ճանապարհային ոստիկանները մոռանան «Toyota»-ի մասնակցութամբ վթարի մասին:
Հաստափոր քաղաքացին երբ տեսավ, որ վթարը տեսանկարահանվում է, սկսեց քթի տակ անհոդաբաշխ արտահայտություններ անել և սպառնում էր, որ եթե վթարի մասին նյութ հրապարակվի, ինքը հաշվեհարդար է տեսնելու: Նա հայհոյանքներ տալով սկսեց մեղադրել լրագրողներին՝ երկիրը քանդելու, մարդկանց դժբախտություններում ուրախանալու մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է «Suzuki»-ի վարորդի ինքնությունը: