Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. «Nissan»-ը 300 մետր գահավիժելով, գլխիվայր հայտնվել է անդունդում (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը և կան վիրավորներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, նաև վտանգելով իրենց կյանքը, անդունդից դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից, և տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գահավիժել անդունդը:
Կայքի փոխանցած տեղեկություններով՝ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ` 35-ամյա Վիկտոր Միխայլովը, 38-ամյա Անահիտ Զաքարյանն ու 43-ամյա Արման Երիցյանը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մասնագիտությամբ օպերատոր է, մեկը՝ ռեժիսոր, մեկն էլ՝ ադմինիստրատոր:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: