Մտածում էին՝ ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ մոռացել է, թե ինչի համար է հավաքվել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում նշեց. «Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել:
Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ից ու 24-ից հետո՝ 25-ին, այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու, դա է՝ անվերապահ ու առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե Կարեն Կարապետյանը ի վերջո տվել է հրաժարական, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ամենը պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են: Հայաստանում այս պահին չկա կառավարություն»: