Մերժում ենք ՀՀԿ-ի իշխանության մնալու ցանկացած փորձ. «Ժառանգությունը»՝ ՀՀ նախագահի հրավերի մասին
«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Այս առնչությամբ «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:
Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը:
«Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի:
Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»: