Օտարերկրացիները ԱՄՆ-ից գումար են փոխանցել Հայաստան և փորձել կանխիկացնել. ԱԱԾ
ԱԱԾ քննչական վարչությունում բացահայտվել է 4 օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբի կողմից Հայաստանում գործող բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք: Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին և գաղտնաբառերին:
Այնուհետև, առանց այդ քարտապանների իմացության, վերջիններիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն ՀՀ դրամին համարժեք գումար են փոխանցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային և արտարժույթային հաշվեհամարներին, և փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, և հաշիվները սառեցվել են, իսկ բանկային քարտերը` արգելափակվել:
Անդրազգային հանցավոր խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա իրավասու մարմինների և Ինտերպոլի հետ՝ անդրազգային հանցավոր գործունեության սխեմաները բացահայտելու, առերևույթ հանցանքներին առնչակից բոլոր անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանցավոր խմբերի գործունեության մեխանիզմների և կիրառած եղանակների մասին հայտնվել է նաև շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին` բանկային համակարգի խոցելիությունը բացառելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է անվտանգության նկատառումներով և վերը ներկայացված իրավիճակներից խուսափելու նպատակով զերծ մնալ բանկային քարտերն ու դրանց գաղտնաբառերն այլ անձանց փոխանցելուց, իսկ հաշվեհամարների շարժի վերաբերյալ կասկած հարուցող տվյալների առկայության դեպքում անհապաղ դիմել սպասարկող բանկեր։