Դավիթ Հարությունյանը «նամյոկը» վիրավորեց «Ելք»-ին
«Ելք» խմբակցությունը շատ վտանգավոր բան է ասում, երբ առաջարկում է հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թվաքանակը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Առաջարկում եք, որ ոստիկանության զորքերի թվաքանակը լինի հրապարակային: Շատ վտանգավոր բան եք առաջարկում, որովհետև ոստիկանական զորքերը մեր զորքերի մի մասն է և կարող է ներգրավվել երկրի պաշտպանության գործում: Իսկ ստիպել տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, ես կարծում եմ լավագույն ծառայությունը չեք մատուցում Հայաստանին»,-ասաց նա:
Ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք ծառայություն ենք մատուցում ՀՀ քաղաքացիներին, իսկ մեր պահանջը՝ ոստիկանությունը բերել կառավարության կազմ և հրապարակել թվաքանակը, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն, նաև որ իմանանք մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով Հայաստանում խախտված է: Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Կարող եք մերժել առաջարկը, բայց «նամյոկ» անել, թե թշնամիներին ծառայություն եք մատուցում, կոռեկտ չէ և վիրավորական է»: