Ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը. Միքայել Մինասյան (լուսանկարներ)
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց Նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը (Michael Hasratian) և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն (Vartan Karapetian) ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:
Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»: