Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. Toyota Corolla-ն վերածվել է մոխրակույտի. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում ավտոմեքենա է այրվում։
Shanshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Հրշեջները թունելի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, սակայն չեն կարողացել մարել Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Գառնիկ Բաբաջանյանին պատկանող Toyota Corolla մակնիշի 19 ՏՕ 760 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը։
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենան դորրս է բերվել թունելից և տեղափոխվել անվտանգ վայր։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։