ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
Մարտի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները, ձևավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնետեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:
Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել իր առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կզարգանա՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել են հայ-իտալական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ, քննարկվել է Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը։
Հանդիպման ավարտին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Ջովաննի Ռիչուլլիին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալը։