«Օրենքով գողերը» կարող են Վրաստանից ներթափանցել Հայաստան
«Գողական աշխարհի» նկատմամբ Վրաստանի օրենսդրության խստացումը կարող է բերել Վրաստանից Հայաստան քրեական հոսքերի աճին։ Այսպիսի կարծիք է հայտնել է վրացի իրավաբան Գրեգորի Կոյաբան «Երևան–Թբիլիսի» հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված էր Վրաստանի ՆԳՆ նախաձեռնությանը, որը ներկայացրել էր գողական աշխարհի դեմ պայքարի 5 օրինագծերի փաթեթ։
Իրավաբանը պարզաբանել է, որ «օրենքով գողերի» ինստիտուտն այսօր չէ, որ հայտնվել է։ Այն գոյություն է ունեցել դեռևս ցարական Ռուսաստանում. «Սա հանցագործ աշխարհի էլիտան է, այն, ինչ Եվրոպայում անվանում են մաֆիա։ Նրանք անձամբ չեն գողանում, այլ ավելի շուտ ղեկավարում են և զբաղվում են ռեկետով»,–նշել է նա։
Փորձագետը նշել է, որ Վրաստանի ՔՕ–ում կա 223 հոդվածը, որը վերաբերում է «գողական աշխարհին» անդամակցությանը։ Հոդվածի առաջին մասը՝ անդամակցությունը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ, իսկ երկրորդ մասով՝ «օրենքով գողի» կարգավիճակում լինելը պատժվում է 7-10 տարվա ազատազրկմամբ։
Նրա խոսքով, առաջարկվող օրինագծի փաթեթը պայմանավորված է նրանով, որ հանցագործ աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Եվրոպայից ներթափանցում են Վրաստան, իսկ առաջարկը կանխարգելիչ նպատակ է հետապնդում։
Հարցին, թե այդ հոսքը հնարավոր է ուղղվի դեպի Հայաստան, իրավաբանը նշել է, որ դա բացառված չէ. «Բացառված չէ, որ նրանք ձեր մոտ՝ Հայաստան կգան։ Վրաստանում նրանց համար ամեն ժամ վտանգ է սպառնում։ Քանի որ հոդվածը նախատեսում է պատիժ ոչ թե գործունեության, այլ կարգավիճակի համար»,–ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանում ազգությամբ հայեր կան, որոնք «օրենքով գողի» կարգավիճակ ունեն։