«Մարիաննա» ընկերության գլխավոր տնօրենի որդին ձերբակալվեց
Մարտի 10-ի գիշերը Երևանում` Կենտրոնական բանկի դիմաց, 75-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը, որը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, ձերբակալվել է:
Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ավելի վաղ ներկայացված անձը արգելանքից ազատվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր: Իսկ ավելի ուշ նրա փոխարեն մեկ այլ անձ էր ներկայացել իրավապահներին որպես վարորդ և ձերբակալվել:
Նշենք, որ Ժորա Վարդանյանը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է և նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է: