Եվրոպայի լիգա. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի բենեֆիսը Միլանում (լուսանկարներ)
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»:
Այս խաղում ֆավորիտ էր համարվում «Միլանը», որը վերջին շրջանում Իտալիայի առաջնությունում գերազանց արդյունքներ էր ցույց տալիս, մինչդեռ «Արսենալի» մոտ ճիշտ հակառակ պատկերն էր՝ երեք անընդմեջ պարտություն ԱՊԼ-ում, Վենգերի հրաժարականի մասին պահանջներ, հստակ խաղի բացակայություն:
Սակայն այս խաղում «Արսենալը» բոլորովին այլ տեսք ուներ: Թիմը բավական վստահ և համոզիչ էր խաղում:
«Արսենալը» հաճելիորեն զարմացրեց, իսկ քիչ անց երկրպագուներին ուրախացրեց Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փայլուն հանդիպում անցկացրեց. հենց նա 16-րդ րոպեին բացեց հաշիվը:
Առաջին խաղակեսի վերջում Արոն Ռեմզին կրկնապատկեց հաշիվը և երկրորդ խաղակեսում պարզապես խաղաց այդքան ձեռնտու հաշիվը պահելու վրա, ինչը հեշտությամբ արեց՝ 0:2 և լոնդոնցիները հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին: