Ո՞ւմ և ինչո՞ւ է շնորհվում Մովսես Խորենացու մեդալը
Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Մեդալի կարգավիճակը
1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:
Մեդալով պարգևատրվողները
1993-2014 թթ.
1993 թ. ընդունված օրենքով Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:
Հիմնադրման պահից մինչև 2015 թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ մեդալով պարգևատրվել է 817 անձ։
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 473 անձ։