Ցեղասպանության տարիներին ալևիները հայերին ընդունելով, նաև ամուսնացել են նրանց հետ‚ այդ պատճառով այսօր շատ ալևիներ հայկական արմատներ ունեն
«Ցեղասպանության տարիներին ալևիները հայերին ընդունելով, նաև ամուսնացել են նրանց հետ, այդ պատճառով այսօր շատ ալևիներ հայտնում են, որ հայկական արմատներ ունեն»։ Այս մասին մարտի 6-ին՝ Եվրոպայում բնակվող ալևիներ կառույցների ներկայացուցիչների Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ հայտարարեց Գերմանիայում բնակվող ալևիներին համայնքի ղեկավար Յումաս Քարամանը։
«Ցեղասպանության տարիներին բազմաթիվ ալևիներ ընդունել և այդպիսով, փրկել են հայերին կոտորվելուց, ապա շատ ալևիներ նաև ամուսնացել են հայերի հետ, դրա հետ է կապված մեր օրերում բազմաթիվ ալևիների հայտարարությունները, թե իրենք հայկական արմատներ ունեն»,–նշել է նա։
Նրա խոսքով, հայերն ու ալևիները երկար տարիներ ապրել են միասին, ինչպես նաև ճնշվել են օսմանյան և ապա նաև թուրքական իշխանությունների կողմից։ «Մենք այստեղ ենք, որ ցույց տանք՝ մենք հայերի հետ ենք։ Մեր նպատակն է հավասար իրավունքներ հաստատել ժողովուրդների և փոքրամասնությունների համար, իսկ դրա համար պետք է իրար ճանաչել և համագործակցել»,–նշել է Գերմանիայում ալևիների ներկայացուցիչը։
Նա հայտնել է նաև, որ մինչև Ծիծեռնակաբերդ այցելելը, նրանք եղել են նաև ԱԺ–ում, որտեղ հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովի հետ. «Հանդիպումն անցավ լավ մթնոլորտում։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին համագործակցության առումով»,–նշել է նա։
Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն էլ նշել է, որ Եվրոպայում բնակվող ալևիների նպատակը հայերին աջակցություն հայտնելն է. «Թուրքական քաղաքականությունից տուժած և հալածված ժողովուրդները պետք է միավորվեն և իրենց ձայնը բարձրացնեն իրենց իրավունքների պաշտպանության համար։ Նա նաև հավելել է, որ այցի նախաձեռնողն ալևիներն են եղել, իսկ այցը կտևի երեք օր։ Վաղը պատրաստվում են այցելել նաև բուհեր, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Իսկ երրորդ օրը նրանք հատուկ հայտարարություն են պատրաստել, որ ցանկանում են ներկայացնել»,–նշել է նա։